Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
բնակարան` շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք.
ոչ բնակելի տարածք` շենքում բնակարան չհանդիսացող իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք.
բազմաբնակարան շենք` շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում են բնակարաններ և (կամ) ոչ բնակելի տարածքներ (այսուհետ` շինություն), և որոնց սեփականատերերն ունեն նաև բաժին` շենքի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում.
բազմաբնակարան բնակելի շենքի շինության սեփականատեր` բազմաբնակարան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ (այսուհետ` շինության սեփականատեր).
բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն` բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման և պահպանման համար նախատեսված տարածքներ, շինություններ, գույք և այլ գույքային իրավունքներ, որոնք սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին.
բազմաբնակարան շենքի բաժնային սեփականության մեջ սեփականատիրոջ բաժին` սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող բոլոր շինությունների տարածքների մակերեսի հարաբերությունն է շենքի բոլոր շինությունների տարածքների ընդհանուր մակերեսների գումարին` արտահայտված տոկոսով.
բազմաբնակարան շենքի շինության և ընդհանուր սեփականության սահման` շինության միջհարկային ծածկերի (առաստաղների, հատակների) և կրող կառուցվածքների ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ.
բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ սեփականություն` շինության ամբողջ ներքին տարածքը, դռները, պատուհանները, կրող կառույց չհանդիսացող ներքին կոնստրուկցիաները, միայն տվյալ շինության սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումները, ինչպես նաև շինության այլ պատերի, հատակի ու առաստաղի ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ.
բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում` բաժնային սեփականության սեփականատերերի կողմից օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված իրենց իրավունքների, պարտականությունների և պարտավորությունների իրագործումը: