Հոդված 12. Ավագանու լիազորությունները
Հոդված 12. Ավագանու լիազորությունները
1. Ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
4) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ.
5) որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ: Քաղաքապետի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի կրկնակին.
6) oրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ):
Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.
7) որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ.
8) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.
9) որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը.
10) որոշում է ընդունում այն մասին, թե Երևանի ենթակայության որ կազմակերպություններն են հանձնվում վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.
11) որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի վերաբերյալ.
12) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.
13) ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.
14) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.
15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
16) որոշում է ընդունում Երևանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ.
17) վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
18) որոշում է ընդունում Երևանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում` հողամասերի օտարման տարեկան ծրագրի մեջ պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը, Երևանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակները և օտարման եղանակները.
19) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
20) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
20.1) որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.
21) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.
22) քաղաքապետի կամ ավագանու որևէ խմբակցության նախաձեռնությամբ, ավագանու անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե.
23) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ.
24) ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ.
25) սահմանում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը.
26) Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան` որոշում է ընդունում Երևանում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
27) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
28) որոշում է ընդունում Երևանում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի և գործունեության թույլտվությունների լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
29) որոշում է ընդունում Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգի վերաբերյալ.
30) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.
30.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
31) սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները.
32) սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաև այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեև իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն.
33) տեղական ինքնակառավարմանը վերաբերող և օրենքով այլ մարմինների լիազորություններին չվերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է իրավական ակտեր.
34) որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.
35) քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
36) քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները:
2. Իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(12-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-229-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-239-Ն, լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-345-Ն, խմբ. 08.02.12 ՀՕ-15-Ն)