Հոդված 105. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
Հոդված 105. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
1. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:
2. Ավագանու և քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
3. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը. այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որևէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:
4. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երևանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:
5. Ավագանու և քաղաքապետի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
6. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77.3 - 77.5-րդ հոդվածներով: