Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 60 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1087.2. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 1087.2. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները

1. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել`

1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2 կամ 3 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաև սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5 հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

(1087.2-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն)

§ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։