Հոդված 954. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր
Հոդված 954. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր
1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով մեկ կողմը (կառավարման հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի):
Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս այդ գույքի նկատմամբ, հավատարմագրային կառավարման պայմանագրին համապատասխան և ի շահ շահառուի, կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ:
Գույքի հավատարմագրային կառավարմանն ուղղված առանձին գործողությունների նկատմամբ օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել սահմանափակումներ: Գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, եթե գույքի առանձին տեսակների համար օրենքով սահմանված չեն պայմանագրի գործողության նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:
3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հանձնված գույքի հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես նման գույքի կառավարիչ: Այդ պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունները կատարելիս հավատարմագրային կառավարիչը մյուս կողմին տեղեկացրել է որպես հավատարմագրային կառավարիչ` դրանք կատարելու մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարչի անունից կամ անվանումից հետո արվել է «Հ. Կ.» նշումը:
4. Հավատարմագրային կառավարչի գործողությունների մասին ցուցումի բացակայության դեպքում նա երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և նրանց առջև պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:
(954-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-68-Ն)