Հոդված 189. Ընդհանուր սեփականության հասկացությունը և ծագման հիմքերը
Հոդված 189. Ընդհանուր սեփականության հասկացությունը և ծագման հիմքերը
1. Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
2. Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
3. Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:
4. Ընդհանուր սեփականությունը ծագում է այն գույքը երկու կամ մի քանի անձանց սեփականության վերածվելու դեպքում, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոխման (անբաժանելի գույք) կամ օրենքով ենթակա չէ բաժանման:
Բաժանելի գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը ծագում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
5. Համատեղ սեփականության մասնակիցների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռով, ընդհանուր գույքի նկատմամբ կարող է սահմանվել այդ անձանց բաժնային սեփականություն:
6. Պայմանագրային ֆոնդի ակտիվների նկատմամբ ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
(189-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 190. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինները որոշելը
1. Բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող է սահմանվել նրանց բաժինները որոշելու և փոփոխելու կարգ` ընդհանուր գույքի կազմավորման ու աճի մեջ նրանց ներդրմանը համապատասխան:
3. Բաժնային սեփականության մասնակիցը, որն ընդհանուր գույքի օգտագործման սահմանված կարգի պահպանմամբ իր հաշվին իրականացրել է այդ գույքից անբաժանելի բարելավումներ, կարող է պահանջել դրանց համապատասխան մեծացնելու ընդհանուր սեփականության իրավունքում իր բաժինը:
4. Ընդհանուր գույքից բաժանելի բարելավումներն անցնում են այն մասնակցի սեփականությանը, ով դրանք կատարել է, եթե այլ բան նախատեսված չէ բաժնային սեփականության մասնակիցների համաձայնությամբ: