Հոդված 436. Պայմանագրի հասկացությունը
Հոդված 436. Պայմանագրի հասկացությունը
1. Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
2. Պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:
3. Պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:
4. Երկուսից ավելի կողմերի միջև կնքված պայմանագրերի նկատմամբ պայմանագրի մասին ընդհանուր դրույթները կիրառվում են, եթե դա չի հակասում նման պայմանագրերի բազմակողմանի բնույթին:
⚖Հոդված 437. Պայմանագրի ազատություն
1. Քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:
Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:
2. Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:
3. Կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
4. Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
5. Այն դեպքերում, երբ պայմանագրի պայմանը նախատեսված է նորմով, որը կիրառվում է, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ (դիսպոզիտիվ նորմ), կողմերը կարող են իրենց համաձայնությամբ բացառել այդ նորմի կիրառումը կամ սահմանել դրանում նախատեսվածից այլ պայման: Նման համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի պայմանը որոշվում է դիսպոզիտիվ նորմով:
6. Եթե պայմանագրի պայմանը սահմանված չէ կողմերի համաձայնությամբ կամ դիսպոզիտիվ նորմով, համապատասխան պայմանը որոշվում է կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով: