Հոդված 1186. Ժառանգության զանգված
Հոդված 1186. Ժառանգության զանգված
1. Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
2. Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`
1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
⚖Հոդված 1187. Ժառանգության բացումը
1. Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
2. Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչը` քաղաքացու մահը:
⚖Հոդված 1188. Ժառանգության բացման ժամանակը
1. Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է մահվան պետական գրանցման օրը:
2. Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
(1188-րդ հոդվածը լրաց. 20.01.22 ՀՕ-2-Ն)
(20.01.22 ՀՕ-2-Ն օրենքն ունի անցումային դրույթ)