Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 116. Բաժնետիրական ընկերության վերակազմակերպումը և լուծարումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 116. Բաժնետիրական ընկերության վերակազմակերպումը և լուծարումը

1. Բաժնետիրական ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել:

Բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու և լուծարելու այլ հիմքերն ու կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

2. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի վերակազմավորվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ առևտրային կոոպերատիվի:

(116-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-205)

§ 3. ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐ

&#9878Հոդված 117. Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին

1. Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

2. Կոոպերատիվի կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պայմաններ պարունակի կոոպերատիվի անդամների փայավճարների չափի, դրանք վճարելու կարգի և այդ պարտավորությունը խախտելու համար կոոպերատիվի անդամների պատասխանատվության, կոոպերատիվի կառավարման մարմինների կազմի, իրավասության ու նրանց որոշումների ընդունման` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, կոոպերատիվի անդամների կողմից կոոպերատիվի կրած վնասները հատուցելու կարգի մասին:

3. Կոոպերատիվի անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին, ինչպես նաև ներառի «կոոպերատիվ» բառը:

4. Կոոպերատիվների առանձին տեսակների, մասնավորապես` սպառողական կոոպերատիվների ու համատիրությունների առանձնահատկությունները և իրավական վիճակը, ինչպես նաև նրանց անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

&#9878Հոդված 118. Կոոպերատիվի գույքը

1. Կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի:

2. Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի գրանցումն ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

3. Կոոպերատիվի կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ կոոպերատիվին պատկանող գույքի որոշակի մասը կանոնադրությամբ սահմանված նպատակներով օգտագործվող անբաժանելի ֆոնդ է:

Անբաժանելի ֆոնդերն օգտագործելու մասին որոշումը կոոպերատիվի անդամներն ընդունում են միաձայն, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

4. Կոոպերատիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները: Այս պարտականությունը չկատարելու դեպքում կոոպերատիվը, պարտատերերի պահանջով, կարող է լուծարվել դատական կարգով:

Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:

5. Կոոպերատիվի լուծարումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա անդամների միջև` կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան:

&#9878Հոդված 119. Կոոպերատիվի կառավարումը

1. Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է:

Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:

Կոոպերատիվի գործադիր մարմիններն են` նրա վարչությունը և (կամ) նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովին:

Դիտորդ խորհրդի և վարչության անդամներ, ինչպես նաև կոոպերատիվի նախագահ կարող են լինել միայն կոոպերատիվի անդամները: Դիտորդ խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը չի կարող լինել համանման այլ կոոպերատիվի անդամ: Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ:

2. Կոոպերատիվի կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ:

3. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

1) կոոպերատիվի կանոնադրությունը փոփոխելը.

2) դիտորդ խորհուրդ կազմավորելը և նրա անդամների լիազորությունները դադարեցնելը, ինչպես նաև կոոպերատիվի գործադիր մարմիններ կազմավորելն ու նրանց լիազորությունները դադարեցնելը, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այդ իրավունքը չի տրվել դիտորդ խորհրդին.

3) կոոպերատիվի անդամներ ընդունելը և հեռացնելը.

4) կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը.

5) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշում ընդունելը:

Կոոպերատիվների մասին օրենքներով և կոոպերատիվի կանոնադրությամբ կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:

Կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրանց կողմից փոխանցվել կոոպերատիվի գործադիր մարմինների իրավասությանը:

4. Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

&#9878Հոդված 120. Կոոպերատիվի անդամության դադարումը և փայի անցումը

1. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:

Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

2. Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում, կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից:

Կոոպերատիվից հեռացված անդամը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ունի փայ և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ ստանալու իրավունք:

3. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի իր փայը կամ դրա մասը հանձնել կոոպերատիվի այլ անդամի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ:

Փայը (դրա մասը) կոոպերատիվի անդամ չհամարվող քաղաքացուն հանձնել թույլատրվում է միայն կոոպերատիվի համաձայնությամբ: Այդ դեպքում կոոպերատիվի մյուս անդամներն օգտվում են նման փայը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից: Եթե կոոպերատիվի անդամները կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված ժամկետում չեն օգտվել այդ իրավունքից, փայը կարող է օտարվել երրորդ անձի:

4. Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են դառնալ կոոպերատիվի անդամ, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ: Հակառակ դեպքում` կոոպերատիվը ժառանգներին վճարում է կոոպերատիվի մահացած անդամի փայի արժեքը:

5. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Կոոպերատիվի անդամի պարտքերով չի կարող բռնագանձում տարածվել կոոպերատիվի անբաժանելի ֆոնդերի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։