Հոդված 27. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը
Հոդված 27. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը
1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Օտարերկրյա քաղաքացի ծնողին սույն մասի հիման վրա խնամքի նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:
2. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
4. Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների) վրա:
5. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:
(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-288-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-79-Ն, լրաց., փոփ. 25.06.20 ՀՕ-340-Ն)
(25.06.20 ՀՕ-340-Ն օրենքն ունի 27-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)