Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-21-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքը:

4. Սույն օրենքի 24-26-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո: Եթե երեխան ծնվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց) վերանվանվում են համապատասխանաբար ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի՝ անկախ սույն օրենքով սահմանված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի իրավունքից:

6. Սույն օրենքով սահմանված կարգով ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու դեպքում (այդ թվում՝ դիմումի հիման վրա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարում հաշվառվում է նաև դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի չվճարված սոցիալական կենսաթոշակի գումարը, որի ընթացքում անձը ունեցել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք:

7. Օտարերկրյա քաղաքացուն, անկախ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է չաշխատող անձի մայրության նպաստ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն է:

8. Եթե նոր ծնված երեխան ծնվել է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է նաև՝

1) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ անկախ ծնողի և նոր ծնված երեխայի՝ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից.

2) օտարերկրյա քաղաքացուն՝ անկախ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:

9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:

11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ և 12-րդ մասերով նախատեսված բացառությունները:

12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:

(39-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-223-Ն, 18.06.20 ՀՕ-323-Ն)

(39-րդ հոդվածի 12-րդ մասում նշված՝ բանկը կամ Ազգային օպերատորին ընտրելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է 18.06.20 ՀՕ-323-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում` համաձայն 18.06.20 ՀՕ-323-Ն օրենքի 4-րդ հոդվածի:)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-154-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։