Հոդված 24. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը
Հոդված 24. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
2. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:
3. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-207-Ն)
4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը: Եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
5. Նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու կարգը, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար մյուս երեխաներին և զավակներին հաշվի առնելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
8. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, եթե, նոր ծնված երեխաների հերթական կարգաթվերից կախված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված չափեր, ապա նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:
9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու դեպքում.
1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում:
2) (կետն ուժը կորցրել է 25.06.20 ՀՕ-340-Ն)
10. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է, եթե ծնողը կրկին դիմում է նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում:
(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, խմբ., փոփ. 24.11.15 ՀՕ-144-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-240-Ն, փոփ., լրաց. 25.06.20 ՀՕ-340-Ն)