Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-08-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 37. Քաղաքացիների պատասխանատվությունը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 37. Քաղաքացիների պատասխանատվությունը

1. Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:

1.1. Պետական նպաստ ստացող անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է`

1) տարածքային կենտրոն ներկայացնել իրեն (ընտանիքին) վերաբերող հավաստի տվյալներ.

2) տարածքային կենտրոնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել պետական նպաստի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ավել վճարված գումարները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 2.3-րդ մասերում նշված դեպքերի, ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի: Ավել վճարված նպաստի գումարները, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են վերադարձվել նաև՝

1) նպաստ նշանակող տարածքային կենտրոնի այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են նպաստի գումարները.

2) այն անձի կողմից, որին նշանակվել (վճարվել) է նպաստը, նրա օրինական ներկայացուցչի կողմից, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կողմից կամ այլ անձի կողմից:

2.1. Ժամանակավոր անաշխատունակության և վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2.2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման, եթե նպաստը նշանակվել է դիմումին կից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա, և խախտումը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

2.3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու (վերադարձնելու, բռնագանձելու) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասում նշված նպաստների՝ ավել վճարված գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի գումարը վճարվել է՝

1) նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սույն մասում նշված նպաստ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս եթե նպաստառուն նպաստի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի սույն մասում նշված այլ նպաստի կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն այլ նպաստ կամ կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբ նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև նպաստ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի կամ կենսաթոշակի գումարը համարվում է տարածքային կենտրոնի մեղքով չվճարված նպաստի գումար և հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից:

2.4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավելի վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետևանքով (այդ թվում՝ եթե գրանցման հայտը ներկայացվել է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու նպատակով)։

3. Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված նպաստների ավել վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են վերադարձվել քաղաքացու հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` խորհրդի առաջարկության մասին որոշման կայացման և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(37-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-223-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-288-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-239-Ն, լրաց. 01.07.19 ՀՕ-100-Ն, 25.06.20 ՀՕ-340-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։