Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2023-11-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 7.1 · ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

Հոդված 28.4. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

գործել է մինչև 2023-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 28.4. Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը

1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը (տվյալները), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո՝ ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա՝ խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:

2. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

3. Խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

4. Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացել է դիմելու օրվա դրությամբ, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացել է դիմելու օրվա դրությամբ, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

5. Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:

6. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչև խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն: Սույն հոդվածում խնամքի արձակուրդն ավարտվելու օր է համարվում աշխատանքը վերսկսելու օրվան նախորդող օրը:

7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում և վճարվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

8. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչև խնամքի արձակուրդն սկսվելու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն:

9. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչև խնամքի արձակուրդն ընդհատվելու կամ գյուղական բնակավայրի հաշվառումից դուրս գալու ամիսը ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 11-րդ մասի համաձայն:

10. Եթե խնամքի նպաստ նշանակվել է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափերից որևէ մեկով, ապա խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում և խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող չէ.

2) 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում:

11. Եթե խնամքի նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին, ապա խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում.

2) 5-րդ մասով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում:

12. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը:

13. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող ծնողին (այդ թվում՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին), և խնամքի նպաստ նշանակվելուց հետո խնամքի արձակուրդն ընդհատվել է, ապա խնամքի արձակուրդն ավարտվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով:

14. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա խնամքի արձակուրդում գտնվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է՝

1) գյուղաբնակ ծնողի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով.

2) գյուղաբնակ չհանդիսացող ծնողի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով:

15. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո ծնողը կամ երեխան դուրս է եկել գյուղական բնակավայրի հասցեով հաշվառումից, ապա հաշվառումից դուրս գալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով:

16. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո լրանում է գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին, և խնամքի նպաստ նշանակվելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի կարգավիճակ, ապա գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է, և խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով:

17. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Ընդունած որոշման, իսկ խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում նաև մերժման հիմքերի վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ծանուցում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

18. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (չի բավարարում սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմանները), կամ

2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով: Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա:

20. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

21. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է նաև ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

22. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

23. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

24. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(28.4-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-503-Ն)

(07.12.22 ՀՕ-503-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։