Հոդված 31. Տուգանքը
Հոդված 31. Տուգանքը
1. Տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե թողարկողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են թողարկողի հետ հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմամբ չեն վերացվել կամ չեն կարող վերացվել այդ խախտումները և (կամ) դրանց պատճառները: Այդ դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումով՝
1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար թողարկողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման և (կամ) սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառմամբ թողարկողը չի իրականացրել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ.
2) տուգանքի նշանակումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:
2. Յուրաքանչյուր խախտման համար թողարկողի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել նրա կանոնադրական կապիտալի մեկ տոկոսը:
3. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը:
4. Յուրաքանչյուր խախտման համար թողարկողի ղեկավարի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Թողարկողի ղեկավարի նկատմամբ նշանակված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:
5. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ, եթե թողարկողը կամ նրա ղեկավարը կամ պատասխանատու անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Թողարկողի նկատմամբ տուգանք նշանակվելու դեպքում տուգանքը գանձվում է նրա թղթակցային հաշվից: Գումարը գանձվում է հօգուտ պետական բյուջեի: