Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք
Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք
1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս և գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաև ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց անհատական տվյալները:
2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման և վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով:
3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`
1) պատգամավորների.
2) Կառավարության անդամների.
3) դատավորների.
4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության, քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների.
5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին:
(12-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-81-Ն, փոփ., լրաց. 13.06.18 ՀՕ-356-Ն)