Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայությունը
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայությունը
1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը: Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը, որին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Ծառայության ղեկավարի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն է: Ծառայությունում սպայական կոչումներով (բացառությամբ ենթասպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը` Ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
3. Ծառայության ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Ծառայության ղեկավարը:
4. Ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
5. Ծառայությունն ապահովում է հեռահաղորդակցության օպերատորի մոտ համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար: