Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2023-02-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 23. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները

գործել է մինչև 2023-02-16Բացել ARLIS-ում

Հոդված 23. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները

1. Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները.

բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «դ» և «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

դ) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները և այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական և տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ե) կանոնադրությամբ կեսից ավելիին ձայնի իրավունք տվող օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող առևտրային կազմակերպությունների հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարները՝ տվյալ կազմակերպություններում աշխատելու նպատակով.

զ) օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.

է) օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով ժամանող օտարերկրյա մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.

թ) Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում դասավանդելու, գիտական աշխատանք կատարելու (գիտահետազոտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու) նպատակով հրավիրված օտարերկրացի դասախոսները, ուսուցիչները, գիտամանկավարժական գործունեություն իրականացնող այլ անձինք, ինչպես նաև այդ ուսումնական հաստատությունների ղեկավար կազմում ընդգրկված վարչակառավարչական գործառույթներ իրականացնող օտարերկրացիները.

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժա) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող օտարերկրացիները.

ժգ) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամանած անձինք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժդ) համատեղ իրականացվող վարույթներով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու նպատակով ժամանած մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժե) օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում` աշխատանքային պայմանագիր գործատուի հետ.

ժզ) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը.

ժէ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.

ժը) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները.

ժթ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողները կրթությունն ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները.

ի) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուները աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով:

3. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը, ըստ իրավասությունների շրջանակի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

(23-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-214-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն, 24.10.19 ՀՕ-199-Ն, 06.05.20 ՀՕ-256-Ն, խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-238-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։