Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-12-ից մինչև 2020-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 74. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

գործել է մինչև 2020-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 74. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1. Բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված` դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում, բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որակավորում ստացած անձինք: Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ բանկի գործադիր տնօրենը կամ կառավարման նման լիազորություններ իրականացնող անձը, եթե բանկի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող բանկի կառավարման լիազորությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է, և նրա նկատմամբ նշանակվել է հիփոթեքային կառավարիչ:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում:

Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար կազմում, հաստատում և հրապարակում է առանձին հաշվեկշիռ:

3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:

4. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

(74-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, 26.05.08 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։