Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21.2

գործել է մինչև 2020-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 21.2.

Ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպումը

1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ սույն օրենքի 21.1 հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» և «ը» կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Բանկի ընդհանուր ժողովի հեռակա նիստերը գումարվում են բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում, իսկ այդպիսի նիստում ընդունված որոշումները չեն համարվում հեռակա քվեարկության (հարցման) միջոցով ընդունված։ 2. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն՝

ա) բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող մասնակիցները՝ իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բանկի մասնակիցների անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը հիմնավորող փաստաթղթեր. բ) բանկի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով՝ օրենքով և բանկի կանոնադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև այդ բաժնետոմսերի անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բաժնետերերի անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթեր.

գ) բանկի մասնակից չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.

դ) բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդ.

ե) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում).

զ) Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ որպես դիտորդ.

է) կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք:

3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ՝ բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ երկու պահանջները. ա) այն չպետք է նախորդի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումն ընդունելու օրվան,

բ) ցուցակը կազմելու օրվա և ընդհանուր ժողովի անցկացման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 45 օրից ավելի լինել:

Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:

Բանկերն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

4. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով, ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:

5. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի բանկի յուրաքանչյուր մասնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և բանկի կանոնադրական հիմնադրամում նրան պատկանող մասնակցության մասին: Բաժնետիրական բանկի՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում կանոնադրական հիմնադրամում բաժնետիրոջը պատկանող մասնակցության մասին տվյալները պետք է լինեն ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի:

6. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով բանկի այն մասնակիցներին, որոնք գրանցված են բանկի մասնակիցների ռեեստրում:

Բանկի մասնակցի պահանջով բանկը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում նրա ընդգրկման մասին:

7. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բանկի մասնակիցների խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու նպատակով:

(21.2-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-188-Ն, լրաց., խմբ. 31.03.20 ՀՕ-164-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։