Հոդված 39.7
Հոդված 39.7.
Բանկի գույքի շուկայական արժեքի որոշման կարգը
1. Գույքի շուկայական արժեք է համարվում (ներառյալ՝ բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքը) այն գինը, որով գույքի արժեքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել: 2. Գույքի շուկայական արժեքը որոշվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:
Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար պահանջվում է սահմանել գույքի շուկայական արժեք, շահագրգիռ անձ է հանդիսանում խորհրդի անդամը, ապա գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում:
3. Գույքի շուկայական արժեքի որոշման համար՝ անկախ գնահատողի ծառայություններից բանկը կարող է օգտվել խորհրդի որոշմամբ:
4. Անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի որոշումը պարտադիր է սույն օրենքի 36 հոդվածի վեցերորդ մասով սահմանված՝ բանկի մասնակիցների՝ բանկի կանոնադրական հիմնադրամում ունեցած մասնակցության հետգնման դեպքերում:
5. Բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:
Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը, ինչպես նաև այն գինը, որը բանկի բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի համար համաձայն է վճարել բանկի գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք բանկի գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր:
Սույն մասով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է՝ բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը հիմք ընդունելով:
(39.7 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-194-Ն)