Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 75. Բանկի լուծարման ընթացակարգը: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 75. Բանկի լուծարման ընթացակարգը: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները

1. Բանկի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ձևավորելու մասին որոշման կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովին հանձնել բանկի փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:

Լուծարային հանձնաժողով նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող բանկ» բառերը: Կենտրոնական բանկը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող բանկ» բառերը:

Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո ողջամիտ ժամկետում փոխել լուծարվող բանկի կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող բանկ» բառերը: 2. Լուծարային հանձնաժողովը սույն օրենքի 74 հոդվածի երրորդ մասով սահմանված՝ պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում՝

ա) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային հանձնաժողովը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին: Լուծարային հանձնաժողովի ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային հանձնաժողովը գույքը հանձնում է ի պահ՝ օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր.

բ) հաշվեգրում և գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասսիվները.

գ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ.

դ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.

ե) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.

զ) որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը: 3. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝ ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.

բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքի 75.1 հոդվածով սահմանված՝ պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.

գ) այդ պահանջների քննարկման արդյունքների մասին.

դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիփոթեքային կառավարիչ նշանակելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների կառավարումը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները և դրանց ապահովման միջոցներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված բոլոր լիազորությունները՝ բանկի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների մասով:

4. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում:

5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 75.1 հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից:

(75-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-105-Ն, փոփ. 08.06.09 ՀՕ-141-Ն, 19.03.12 ՀՕ-66-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։