Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2019-11-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 7. Սոցիալական վճար կատարելը

գործել է մինչև 2019-11-02Բացել ARLIS-ում

Հոդված 7. Սոցիալական վճար կատարելը

1. Սույն օրենքով սահմանված՝ վարձու աշխատողի սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում սույն օրենքով սահմանված չափով հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները:

3. Գործատուները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:

4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք, ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:

5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:

Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ:

6. Վարձու աշխատողների գրանցման հայտը, անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Գործատուները և սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, բացառությամբ հաշվարկված տույժերի:

8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների վերահաշվարկ:

9. Հարկային մարմնի կողմից սոցիալական վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող սոցիալական վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում:

10. Գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այդ թվում՝ գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունների մարման և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

(7-րդ հոդվածը լրաց. 17.11.17 ՀՕ-216-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-291-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։