Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 7. Սոցիալական վճար կատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Սոցիալական վճար կատարելը

1. Սույն օրենքով սահմանված՝ վարձու աշխատողի սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում սույն օրենքով սահմանված չափով հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները:

3. Գործատուները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:

4. Նոտարները և անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք՝ տարեկան կտրվածքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:

5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:

Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ:

6. Վարձու աշխատողների գրանցման հայտը, անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Գործատուները և սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, բացառությամբ հաշվարկված տույժերի:

8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների վերահաշվարկ:

9. Հարկային մարմնի կողմից սոցիալական վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող սոցիալական վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում:

10. Գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այդ թվում՝ գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունների մարման և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

(7-րդ հոդվածը լրաց. 17.11.17 ՀՕ-216-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-291-Ն, խմբ. 03.10.19 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։