Հոդված 5. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը և դրա ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 5. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը և դրա ուժը կորցրած ճանաչելը
1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերն ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում:
2. Բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք, իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, իրավասու են մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ) Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել հետևյալ չափանիշները, որոնց առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված թույլտվությունը տրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով`
ա) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների քանակը.
բ) համակարգով կատարվող առանձին վճարման ծավալը.
գ) ընդհանուր վճարումների ծավալները.
դ) մասնակիցների կապիտալի և վճարումների ծավալի հարաբերակցությունը.
ե) վճարահաշվարկային համակարգերի անվանացանկը (հիմք ընդունելով համակարգերին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և (կամ) միջոցառումների առկայությունը):
4. Կենտրոնական բանկը կարող է փոփոխել իր սահմանած չափանիշների մեծությունները: Չափանիշների մեծությունը խստացնող Կենտրոնական բանկի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի սահմանվում:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր թույլտվությունը, եթե հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը և (կամ) մասնակիցները, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը`
ա) խախտել են սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները.
բ) սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշների մեծության փոփոխման կամ վճարահաշվարկային համակարգի գործունեության փոփոխման հետևանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքերում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության դեպքում` դրա մասնակիցը, պարտավոր են համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով նոր թույլտվություն ստանալու համար:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վճարահաշվարկային համակարգերի համար սահմանել տեխնիկական, անվտանգության, ծրագրային, ինչպես նաև համակարգի գործունեության կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջներ:
8. Կենտրոնական բանկը վարում է իր տված թույլտվությունների գրանցամատյանը: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները, համընդհանուր ծանոթացման համար տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: