Հոդված 13.1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը
Հոդված 13.1 Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը
(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-118-Ն)
1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված, ներառյալ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման, ծանուցում է տրամադրում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակցին: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակիցներին ներկայացնել նաև ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակիցների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):
(13.1-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-14, փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-84-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-118-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-220-Ն)