Հոդված 6. Բանկային գաղտնիքի հրապարակումը
Հոդված 6. Բանկային գաղտնիքի հրապարակումը
1. Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը, բացառությամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով սահմանված դեպքերի:
2. Բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 8 հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից` բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը: Սույն մասի կիրառման նպատակով արտարժութային պարտավորության Հայաստանի Հանրապետության դրամին համարժեքությունը որոշվում է հրապարակմանը նախորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Սույն կետով նախատեսված անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր և ավելի խախտում թույլ տված պարտապանը: Սույն կետով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում:
4. Բանկի և (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):
(6-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ 48-Ն, 15.11.05 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-112-Ն)