Հոդված 29. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
Հոդված 29. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
1. Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ` կանանց և սույն օրենքի 32-րդ հոդվածի տասներորդ մասով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
2. Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է կառավարությունը:
3. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է կառավարությունը:
4. Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ:
5. Փրկարարական ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը`
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
գ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար.
դ) անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն.
ե) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին: