Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը
Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն, փոփ. 13.09.19 ՀՕ-176-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-176-Ն)
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
1.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
6) նա մահացել է.
7) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
5) նա չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.
6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին:
3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:
3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:
4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:
(21-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.09.19 ՀՕ-176-Ն)