Հոդված 19. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 19. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հանձնաժողովն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրավունք ունի`
ա) ընդունել որոշումներ`
- սույն օրենքի խախտման փաստերի,
- ապրանքային շուկայի սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),
- տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,
- տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար տույժի ենթարկելու վերաբերյալ.
բ) իրականացնել վերահսկողություն տնտեսվարող սուբյեկտների կողմից համաձայնության պայմանների կատարման (պահպանման) նկատմամբ.
գ) տալ եզրակացություններ`
- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերի` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, դրանց վերացման կամ փոփոխման, խախտումների վերացման,
- կնքվող համաձայնությունների,
- իրականացվելիք համակենտրոնացումների վերաբերյալ.
դ) դիմել դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև դրանց փոփոխման կամ լուծման պահանջով.
ե) նշանակել տուգանքներ, կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ.
զ) ընդունել իրավական ակտեր, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների, գերիշխող դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ կապված կարգեր.
է) տալ պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին` օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
ը) կատարել օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում: 1.2. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է քննարկման (հետազոտության) ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնել իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում պարտականությունից կամ պատասխանատվությունից:
2. Սույն օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:
(19-րդ հոդվածը խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն փոփ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն)