Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2011-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:

3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:

4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:

5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:

6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:

Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:

Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:

Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է: Հանձնաժողովը քննարկումից առնվազն 5 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը: Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը: Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու ապացույցներ, տալու բացատրություններ և բերելու փաստարկներ, առարկելու նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնելու միջնորդություններ:

7. Վարչական ակտի ընդունումից հետո հասցեատիրոջն է հանձնվում դրա պատճենը` 5 օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:

9. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:

(30-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն, լրաց. 30.09.08 ՀՕ-168-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։