Հոդված 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
1. Տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնում է Հանձնաժողովը:
2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:
5. Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
(17-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն)