Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և տերմինները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և տերմինները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ու տերմինները կիրառվում են հետևյալ իմաստով.

1) տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ տնտեսավարող սուբյեկտների մրցություն, որի պայմաններում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով օբյեկտիվորեն բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի ազդելու հնարավորությունը.

2) ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.

3) փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռք բերողը սպառման գործընթացում կամ արտադրական նպատակներով օգտագործման ընթացքում փաստացի փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.

4) ապրանքային շուկա` որոշակի տարածքում ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման, իրացման կամ արտադրման, տնտեսական կամ այլ հնարավորություններով կամ նպատակահարմարությամբ և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների կամ նպատակահարմարության բացակայությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, ուսումնասիրության ժամանակահատվածով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.

5) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.

6) ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, օդային, ջրային, ցամաքային և այլ երթուղի), որի շրջանակում տնտեսապես հնարավոր կամ նպատակահարմար է ձեռք բերել, իրացնել կամ արտադրել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները, և առկա չէ այդ հնարավորությունը կամ նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.

7) ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակահատված՝ որոշակի ժամանակահատված (օր, ամիս, տարի), որի շրջանակում ուսումնասիրվում է ապրանքային շուկան․

8) ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներն իրացնողը, արտադրողը կամ ձեռք բերողը.

9) իրացնող՝ ապրանք իրացնող կամ հնարավոր իրացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

10) ձեռք բերող՝ ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

11) սպառող՝ սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող ֆիզիկական անձ.

11.1) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն՝ կանխելու, խափանելու կամ վերացնելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը, ներառյալ՝ դրանց հետևանքները, որոնք վնասում են կամ կարող են վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը.

11.2) գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը՝ անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե ոչ.

12) ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.

13) իրացում` օտարում (վաճառք, մատակարարում, այլ կերպ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում), մատուցում կամ կատարում.

14) ձեռքբերում` գնում, ստացում կամ ընդունում.

15) Հանձնաժողով՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով.

16) պետական մարմին` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, պետության կամ համայնքի հիմնարկ, Կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի անունից հանդես եկող կամ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթ կամ լիազորություն իրականացնող իրավաբանական անձ կամ այլ կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի՝ 50 տոկոս և ավելի փայաբաժին ունեցող կազմակերպություն.

17) տնտեսավարող սուբյեկտ՝ անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն, իսկ սույն օրենքով նախատեսված` համակենտրոնացման, անբարեխիղճ մրցակցության, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների և տնտեսական գործունեության համակարգման դեպքերում տնտեսավարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը.

18) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ.

19) առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքներն սպառողին հասցնելու համար.

20) առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

21) տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ, գնաճ, գնանկում.

22) գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված բարձրացում.

23) գնի չհիմնավորված իջեցում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված իջեցում.

24) գնի չհիմնավորված պահպանում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումն այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.

25) խտրական պայմաններ` ապրանքային շուկա մուտք գործելու, արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, այդ թվում՝ ապրանքի գինը, որոնք տնտեսավարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար պայմաններ կամ անհավասար դրություն այլ տնտեսավարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

26) մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման հատկանիշներ՝ անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում տնտեսական պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնությունների հետևանքով կամ այլ անձի կողմից տրված՝ նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման հետևանքով ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում, այլ հանգամանքներ, որոնք տնտեսավարող սուբյեկտի համար հնարավորություն են ստեղծում միակողմանի ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև պետական մարմինների և (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

27) ուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսևորվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման և (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին տիրապետելու միջոցով.

28) անուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.

29) ակտիվի արժեք` ակտիվի հաշվեկշռային արժեք, իսկ դրա բացակայության դեպքում՝ ակտիվի փաստացի կամ գործարքային արժեք.

30) հասույթ՝ համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տնտեսավարող սուբյեկտի սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն դրամական ներհոսք, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապիտալում մասնակիցների կողմից ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի: Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների համար հասույթ է համարվում ապրանքների իրացումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտը՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում անուղղակի հարկերի գումարները.

31) փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ).

32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով, կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը.

33) օր՝ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր.

34) ակցիա՝ կիրառվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով.

35) զեղչ՝ կիրառվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված իմաստով։

36) բազային տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մեկուկեսի չափով վճարման ենթակա տոկոսներ:

2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:

(3-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-303-Ն, փոփ., լրաց., խմբ. 03.07.25 ՀՕ-205-Ն)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։