Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի).
2) իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:
6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
(11-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն)