Հոդված 15. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 15. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:
5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:
6. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները.
2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.
3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները:
Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:
7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
9. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:
11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում` վերադասության կարգով:
13. Ատեստավորման արդյունքները և կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:
(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, 11.06.09 ՀՕ-150-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)