Հոդված 43. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ՏՈՒՅԺԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 43. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ՏՈՒՅԺԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել Ոստիկանության պետի կողմից` սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:
(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` Ոստիկանության պետը:
Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է Ոստիկանության պետին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:
(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)
Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ` նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:
7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:
9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է աշխատավարձ:
Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:
(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-169-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)
(43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը` ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված` լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29, 49, 66, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր 25.02.20 ՍԴՈ-1507 որոշմամբ:)