Հոդված 13.1
Հոդված 13.1.
Ոստիկանության պետի, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակումը և ազատումը
1. Ոստիկանության պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
2. Ոստիկանության պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
8. Ոստիկանության պետի տեղակալներ և Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են՝
1) Ոստիկանության պետի տեղակալներ կամ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը.
2) Ոստիկանության պետի տեղակալներ կամ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
(13.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն)