Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-05-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-05-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Հոդված 38.1. Բաժնետիրական համաձայնագիրը

գործել է մինչև 2024-05-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38.1. Բաժնետիրական համաձայնագիրը

1. Բաժնետիրական համաձայնագիրը բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների մասին պայմանագիր է: Բաժնետիրական համաձայնագրով կողմերը պարտավորվում են որոշակի ձևով իրականացնել բաժնետոմսերով հավաստվող իրավունքները և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքները կամ ձեռնպահ մնալ այդ իրավունքների իրականացումից: Բաժնետիրական համաձայնագրով կարող է նախատեսվել բաժնետերերի ընդհանուր ժողովում համաձայնագրով սահմանված ձևով քվեարկելու, քվեարկության կարգը կամ քվեարկությունն այլ անձանց հետ համաձայնեցնելու, այլ անձանց ցուցումներով քվեարկելու, բաժնետոմսերը նախապես սահմանված գնով և (կամ) պայմանագրով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ձեռք բերելու և (կամ) օտարելու, մինչև պայմանագրով հանգամանքների ի հայտ գալը բաժնետոմսերի օտարումից ձեռնպահ մնալու, ինչպես նաև բաժնետիրական Ընկերության կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված այլ համաձայնեցված գործողություններ իրականացնելու պարտավորությունը: Ընկերության ժողովում որոշումների ընդունման համար բավարար ձայների՝ սույն օրենքով կամ սույն օրենքի հիման վրա կանոնադրությամբ նախատեսված քանակը չի կարող փոփոխվել բաժնետիրական համաձայնագրով։

2. Բաժնետիրական համաձայնագիրը կնքվում է գրավոր: Բաժնետիրական համաձայնագրի կողմ կարող են լինել Ընկերությունը, բաժնետերերը, ինչպես նաև այն անձինք, որոնք բաժանորդագրվում են Ընկերության բաժնետոմսերին։ Եթե Ընկերությունը հանդիսանում է բաժնետիրական համաձայնագրի կողմ, ապա այդպիսի բաժնետիրական համաձայնագրի կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով նաև սույն օրենքի 9-րդ գլխի դրույթները։

3. Բաժնետիրական համաձայնագրի առարկա չի կարող լինել Ընկերության խորհրդի կամ գործադիր մարմնի ցուցումների համաձայն բաժնետիրական համաձայնագրի կողմերի քվեարկելու պարտավորությունը:

4. Բաժնետիրական համաձայնագիրը պարտադիր է միայն համաձայնագրի կողմերի համար:

5. Բաժնետիրական համաձայնագրի խախտումը կարող է հիմք հանդիսանալ Ընկերության կառավարման մարմինների որոշումներն անվավեր ճանաչելու համար, եթե ապացուցվում է, որ Ընկերության կառավարման մարմինների որոշումներն ընդունվել են ֆիդուցիար պարտականությունների խախտմամբ:

6. Բաժնետիրական համաձայնագրով կարող են նախատեսվել դրանից բխող պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև դրանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ:

(38.1-ին հոդվածը լրաց. 19.04.19 ՀՕ-18-Ն)

ՀՈԴՎԱԾ 39. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-236-Ն)

&#9878ՀՈԴՎԱԾ 40. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ

1. Ընկերությունն իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր:

Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է խորհրդի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումն ու տեղաբաշխումն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած Ընկերությունից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունքներ` Ընկերության սահմանած ժամկետներում:

Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները:

Պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք: Ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալը, կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով: Սույն սահմանափակումը չի կիրառվում բաժնետիրական ընկերություն հանդիսացող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:

Ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա, ինչպես նաև տարաժամկետ (Ընկերության կողմից սահմանված ժամկետային հաջորդականությամբ) մարման ժամկետով պարտատոմսեր: Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով կամ այլ գույքով` համաձայն պարտատոմսերի թողարկման մասին որոշման:

Ընկերությունն իրավունք ունի թողարկել`

ա) Ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր.

բ) երրորդ անձանց կողմից պարտատոմսերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր.

գ) առանց ապահովման պարտատոմսեր:

Ընկերությունը կարող է թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ըստ ներկայացնողի պարտատոմսեր:

Ընկերությունը պարտավոր է վարել իր կողմից տեղաբաշխված անվանական պարտատոմսերի սեփականատերերի ռեեստրը: Կորցրած անվանական պարտատոմսը վերականգնում է Ընկերությունը` ողջամիտ վճարի դիմաց: Կորցրած` ըստ ներկայացնողի պարտատոմսի սեփականատիրոջ իրավունքները վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Ընկերությունը կարող է ընձեռել պարտատոմսերի վաղաժամկետ մարման հնարավորություն` դրանց սեփականատերերի ցանկությամբ: Այդ դեպքում պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն մարվող գումարի մեծությունը և այն ժամկետը, որից սկսած պարտատոմսերը կարող են ներկայացվել վաղաժամկետ մարման:

3. Ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են Ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Ընդ որում, Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, եթե ըստ տեսակների և դասերի հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված տեսակների և դասերի բաժնետոմսերի այն քանակից, որոնք անհրաժեշտ են փոխարկվող պարտատոմսերը և այլ արժեթղթերն Ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունն ապահովելու համար:

4. Պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` անկախ Ընկերության ֆինանսական վիճակից և ստացված շահույթից (բացի շահույթում մասնակցող պարտատոմսերից): Եթե պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքից ցածր գներով, ապա տարեկան տոկոսները պարտատոմսի սեփականատիրոջը կարող են չվճարվել, ինչը պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ և նշված լինի պարտատոմսում:

Պարտատոմսերով տոկոսները չվճարելու կամ սահմանված ժամկետում պարտատոմսերը չմարելու դեպքում Ընկերությունը կարող է լուծարվել դատական կարգով:

5. Պարտատոմսը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) «Պարտատոմս» անվանումը և հերթական համարը.

բ) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

գ) կանոնադրական կապիտալի չափը.

դ) թողարկման ժամկետը.

ե) պարտատոմսի անվանական արժեքը.

զ) այդ տեսակի պարտատոմսերի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը.

է) պարտատոմսերի մարման ժամկետը, մարվող գումարը և վճարվող տոկոսադրույքները կամ դրանց հաշվարկման կարգը, տոկոսադրույքների վճարման կարգը.

ը) անվանական պարտատոմսերի համար` պարտատոմսի սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը).

թ) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները).

ժ) պարտատոմսի ձևը և դրա հետ կապված իրավունքները, այդ թվում` փոխարկվող պարտատոմսերի համար` Ընկերության բաժնետոմսերի փոխարկման իրավունքը.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-53-Ն)

6. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

(40-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-111-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-53-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-325-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-236-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 41. Ընկերության աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը

(վերնագիրը խմբ. 26.05.21 ՀՕ-236-Ն)

1. Ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջև տեղաբաշխել (տրամադրել) Ընկերության բաժնետոմսեր կամ այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ), որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել Ընկերության բաժնետոմսերով (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ): Սույն հոդվածի իմաստով աշխատակից է համարվում նաև Ընկերության ղեկավար պաշտոնատար անձը:

2. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Ընկերության ներքին իրավական ակտ է, որով առնվազն նախատեսվում են Ընկերության աշխատակցի կողմից Ընկերության բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, օգտագործման, օտարման և հետգնման դեպքերը, պայմաններն ու կարգը։

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակիցների միջև տեղաբաշխված և ածանցյալ ֆինանսական գործիքների վերջնահաշվարկի արդյունքով տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի, իսկ այդ բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 25 տոկոսը։

4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակիցների միջև տեղաբաշխված (տրամադրված) բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների տնօրինման հնարավորությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով` սկսած տվյալ բաժնետիրոջը դրանց տեղաբաշխման (տրամադրման) օրվանից։

5. Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջև վերջիններիս գրավոր համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել։

6. Աշխատակցի հետ աշխատանքային կամ Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց հետ ծառայությունների մատուցման հարաբերությունների դադարեցման դեպքում, բացառությամբ կենսաթոշակի անցնելու դեպքերի, Ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները: Սույն մասով նախատեսված դեպքերում Ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

7. Աշխատակցի բաժնետոմսերն օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր օտարելիս բաց Ընկերությունը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, և փակ Ընկերությունը՝ անկախ նշված սահմանափակումներից, նախապատվության իրավունք ունեն ձեռք բերելու աշխատակցի՝ օտարման ենթակա բաժնետոմսերը տվյալ բաժնետոմսերի շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

8. Աշխատակցի բաժնետոմսերի սեփականատիրոջ ժառանգները, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու տվյալ բաժնետոմսերի հետգնումը դրանց շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջելու դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից, և եթե այդպիսի փոխարկման հնարավորությունը համապատասխան տեսակի (իսկ առկայության դեպքում` նաև դասի)` աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ նախատեսված է եղել կանոնադրությամբ: Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել աշխատակիցների բաժնետոմսերը հետգնելու կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսված պարտավորությունները դադարեցնելու՝ Ընկերության պարտավորության այլ դեպքեր, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու պայմանները։

9. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող տեսակի կամ դասի բաժնետոմսերի սեփականատերերի համար:

10. Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից:

11․ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը հաստատելու մասին, ինչպես նաև աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված (այդ թվում՝ Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների մասին) կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումներն ընդունում է ընդհանուր ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ։ Աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումների ընդունումը Ընկերության խորհրդին վերապահված լինելու դեպքում Ընկերության խորհուրդը դրանք ընդունում է խորհրդի անդամների ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

12. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:

(41-րդ հոդվածը խմբ. 26.05.21 ՀՕ-236-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 42. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄԸ

1. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման միջոց կարող են լինել գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, մտավոր սեփականությունը:

2. Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն ընկերության հիմնադրման մասին որոշմամբ կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Ընկերության պետական գրանցման պահից` երեք ամսվա ընթացքում: Եթե սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալի վճարումը լրիվ չի կատարվել, ապա չվճարված գումարին համապատասխանող բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները: Ընկերությունը պարտավոր է բաժնետոմսերը փոխանցվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարած բաժնետերերի համաձայնությամբ տեղաբաշխել այդ բաժնետոմսերը նրանց միջև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ որոշում կայացնել այդ բաժնետոմսերը մարելու և կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին: Եթե Ընկերության պետական գրանցման համար սահմանված եռամսյա ժամկետում կանոնադրական կապիտալն առհասարակ չի վճարվում, ապա Ընկերությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում ընդունել որոշում լուծարման մասին։

Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:

2.1. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, հիմնադիրները, պարտատերերը կամ լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջելու Ընկերության լուծարում` դատական կարգով:

3. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարման ձևը սահմանվում է Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի, ինչպես նաև Ընկերության կողմից թողարկվող այլ արժեթղթերի դիմաց` դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ:

Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ, որոնց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով, պետք է վճարվի դրանց անվանական արժեքի առնվազն քսանհինգ տոկոսը:

Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով, եթե արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

Հրապարակային վաճառքի միջոցով տեղաբաշխվող արժեթղթերի դիմաց վճարումը կատարվում է միայն դրամական միջոցներով` լրիվ արժեքով:

4. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ` խորհրդի որոշմամբ և ենթակա է գնահատման` անկախ գնահատողի կողմից, բացառությամբ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ դրանց դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը ժողովի միաձայն որոշմամբ սահմանված լինելու դեպքերի:

Խորհրդի որոշմամբ կարող են սահմանափակումներ դրվել Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարվող գույքի տեսակների վրա:

5. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի:

6. Եթե լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս է, ապա բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ և դրանց արժեքը ժամանակին չվճարած բաժնետերերը զրկվում են բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում Ընկերության բաժնետերերի ռեեստրում: Դրամական միջոցները և այլ գույքը, որոնք վճարվել են բաժնետոմսերի դիմաց, բաժնետիրոջը չեն վերադարձվում:

Եթե լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս չէ, ապա կատարվում է բաժնետոմսերի քանակի վերահաշվարկ, այնպես, որ բաժնետոմսերի քանակի և ձեռքբերման արժեքի արտադրյալը չգերազանցի դրանց համար արդեն վճարված գումարը: Մնացած բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ, և բաժնետերերը զրկվում են դրանց նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում Ընկերության բաժնետերերի ռեեստրում:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել դրամական տույժեր` բաժնետոմսի դիմաց վճարման պարտավորությունների չկատարման համար:

Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Ժողովը հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և համապատասխան փոփոխություններ է կատարում կանոնադրությունում:

(42-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.21 ՀՕ-236-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 43. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ և ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ

1. Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրությամբ սահմանված չափով, բայց ոչ պակաս կանոնադրական կապիտալի 15 տոկոսից: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է կանոնադրությամբ սահմանված չափից ավելի փոքր մեծություն, ապա հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթից` առնվազն հինգ տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:

2. Օրենքով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ հիմնադրամներ:

3. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը:

Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է սահմանված չափից, ապա Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է խորհրդին ներկայացնել արտահերթ ժողովի գումարման պահանջ: Նման դեպքերում արտահերթ ժողովում որոշում է կայացվում Ընկերության լուծարման կամ դրա գործունեությունը շարունակելու մասին: Ընդ որում, գործունեությունը շարունակելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե խորհուրդը, իսկ Ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմինը ներկայացրել է գրավոր եզրակացություն Ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության և հիմնավորվածության վերաբերյալ՝ հիմք ընդունելով Ընկերության գործունեության ուղղությունները, ոլորտը, առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը և այլ հանգամանքներ: Գործունեությունը շարունակելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ընկերությունը պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և գործունեությունը շարունակելու մասին որոշումը ներկայացնել Ընկերության պետական գրանցումն իրականացրած մարմին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման կամ գործունեությունը շարունակելու մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում` դատական կարգով:

(43-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-154-Ն, փոփ., լրաց. 26.05.21 ՀՕ-236-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։