Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-21-ից մինչև 2022-05-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 11. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

գործել է մինչև 2022-05-29Բացել ARLIS-ում

Հոդված 11. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ՝ այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:

2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են՝

1) երեխայի շարժողական և ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և սովորությունների ձևավորումը․

2) երեխայի խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.

3) երեխայի ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, ինքնուրույն գործունեության, այդ թվում՝ ուսումնական և ստեղծագործական, խրախուսումը.

4) երեխայի սովորելը խթանելը, ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.

5) երեխայի սոցիալ-անձնային, հուզակամային զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը.

6) երեխայի հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը.

7) երեխայի մտավոր, ֆիզիկական, գեղագիտական, ազգային, ավանդական, էկոլոգիական, իրավական, տնտեսագիտական, բարոյական դաստիարակությունը:

3. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։

4. Նախադպրոցական կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝

1) նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) երեխաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

4) երեխաների սննդի կազմակերպումը.

5) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

5. Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում՝ դրա ցանկացած տեսակի և նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է:

6. Նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում՝ նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիան, տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։