Հոդված 15. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում
Հոդված 15. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում
1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություններ առաջարկող (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական)՝
1) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
2) նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.
3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում՝ խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների և համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի՝
1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.
2) բժշկական օգնության և սպասարկման.
3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.
4) զարգանալու և սովորելու երեխայակենտրոն, ներառական և անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
5) կարծիք արտահայտելու և մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը՝ իր տարիքի և զարգացման առանձնահատկություններին համապատասխան: