Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

գործել է մինչև 2026-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

(վերնագիրը խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն)

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և (տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ, ինչպես նաև) տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

1.1) տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող (տվյալ առարկայի ոլորտի 40-79 կրեդիտ) և կամավոր ատեստավորված անձը՝ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքելու դեպքում.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է.

3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ.

4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված և կամավոր ատեստավորում անցած անձը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

4. Մասնագիտական զարգացման ապահովման նպատակով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա իրականացվում է վերապատրաստում՝ բարդության յուրաքանչյուր աստիճանի վերապատրաստումն անցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված շրջափուլում։ Վերապատրաստման արդյունքով ուսուցիչն ատեստավորվում է։ Ուսուցչի վերապատրաստումը և հերթական ատեստավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքներին համապատասխան:

5. Ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական զարգացումը կարող է իրականացվել տվյալ հաստատության մշակած ընթացակարգով, որը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

6. Մասնագիտական զարգացման գնահատված կարիքը վերապատրաստման տարրական մակարդակին համապատասխանելու դեպքում ուսուցիչը նույն ուսումնական տարում պարտադիր մասնակցում է վերապատրաստման և ատեստավորման՝ կամավոր ատեստավորման եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Հերթական ատեստավորմանը չներկայանալու կամ չատեստավորվելու դեպքում ուսուցիչը մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չատեստավորվելու դեպքում ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հերթական ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:

8. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

9. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

10. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

11. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում:

12. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:

13. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է նրա դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման կամ մեկ տարվա ընթացքում վերաատեստավորման կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

15. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից և ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել միայն կամավոր ատեստավորման դրական արդյունք ունենալու դեպքում։

16. Կամավոր կամ հերթական ատեստավորումների արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն։ Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացվելը:

17. Սահմանված կարգով ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան։

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։

20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթներին մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և հինգ տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար։

24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացվելը։

26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են։

27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին։

(26-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-263-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-387-Ն, լրաց., փոփ. 24.10.25 ՀՕ-356-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.10.25 ՀՕ-356-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։