Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

(վերնագիրը խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն)

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով.

3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան։ Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։

5. Տնօրենը ապահովում է ուսուցչի մասնակցությունը մասնագիտական զարգացման կարիքի հիման վրա իրականացվող վերապատրաստմանը:

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան։

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն։ Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան։

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։

20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար։

24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը։

26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են։

27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։

(26-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-263-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։