Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-19-ից մինչև 2024-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 16. Համաձայնությունը բժշկական միջամտության համար

գործել է մինչև 2024-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 16. Համաձայնությունը բժշկական միջամտության համար

1. Մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը:

3. 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները:

Սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում հաշվի է առնվում 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի կարծիքը:

4. Եթե բժշկի կարծիքով պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը կամ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորված կոնտակտային անձը:

5. Օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում, եթե բժշկի կարծիքով բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, և պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկի կողմից:

(16-րդ հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-388-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։