Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-08-ից մինչև 2026-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 28. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

գործել է մինչև 2026-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 28. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են՝

1) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

2) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած չափանիշներին.

3) յուրաքանչյուրին ապահովել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

4) յուրաքանչյուր մարդու պահանջով կամ նրա իրազեկ գրավոր համաձայնությամբ բժշկական օգնության համար այլ վճարողի տրամադրել անհրաժեշտ տվյալներ ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման տեսակի, մեթոդի, ծավալների և քանակի ու դրան համարժեք կատարված ծախսերի մասին.

5) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ.

8) ունենալ պաշտոնական ինտերնետային կայքէջ, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ: Սույն պարտականությունը չի տարածվում ռազմաբժշկական հաստատությունների, գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիա կամ առողջության կենտրոն հանդիսացող կամ ստոմատոլոգիական կաբինետի կամ մասնագիտական ոչ ավելի, քան երկու կաբինետի ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ․

9) դադարեցնել անհատական մասնագիտական գործունեության իրականացումը, օրենքով սահմանված կարգով լուծել անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաև միջին բուժաշխատող հանդիսացող և առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ կնքված աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կամ ազատել նրան զբաղեցրած պաշտոնից․

10) ապահովել ընթացակարգերով, պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջների կատարումը.

11) հիվանդանոցային պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին, նվազագույն ծառայությունների ծավալ կամ բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստացողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրեր.

12) պացիենտի իրավունքների և պարտականությունների իրազեկման թերթիկի, ինչպես նաև վճարովի ծառայությունների մասին պայմանագրի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատում է լիազոր մարմինը․

13) Կառավարության սահմանած կարգով հաղորդում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, եթե բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտն անգիտակից է կամ ունի գլխի վնասվածք կամ ուղեղի ցնցում կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի այրվածք կամ կտրող-ծակող գործիքով առաջացրած վերք կամ թափանցող վերք կամ հրազենային վնասվածք կամ պոլիտրավմա կամ թունավորում, կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը կամ կյանքին պատճառված վնասը բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք է, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ․

13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.

14) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, տրամադրել քննիչին, դատախազին, դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա:

2. Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(28-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-208-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-291-Ն, 08.12.22 ՀՕ-537-Ն, խմբ․ 17.12.25 ՀՕ-469-Ն, 11.04.24 ՀՕ-164-Ն)

(08.12.22 ՀՕ-537-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-164-Ն օրենքի փոփոխության մասով, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, անցումային անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ անհատական լիցենզիայի մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից)

(11.04.24 ՀՕ-164-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։