Հոդված 43. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները
Հոդված 43. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները
1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) հատկացումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) ապահովագրական հատուցումները.
3) մարդկանց անմիջական վճարումները.
4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
2. Կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևերից:
3. Բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցներով և ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված պայմանագրերի համաձայն:
4. Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված աղբյուրներից, ինչպես նաև այդ անձի գրավոր ցանկությամբ կամ արտահերթ սպասարկման դեպքում:
5. Մարդկանց կողմից անմիջական վճարումների կատարմամբ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը: