Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունն ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:
4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունն ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում միջնորդի և լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:»: