Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները, ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաև՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:
4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ.
2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է պետական աջակցություն՝ իր աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում՝
1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը, և պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին՝ որպես միջնորդ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով.
2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն փոխանցում է աշխատանքային միգրանտին՝ որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:
6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաև աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:
7. Վերապատրաստումը վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը և շարունակական կատարելագործումն է, որի հիմնավորումներն ուսումնասիրելու և ընդունելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1․1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:
9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև վերջիններիս աշխատանքային միգրանտները պետական աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող են շարունակել օգտվել պետական աջակցությունից, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործում է հարկման ընդհանուր համակարգում:
10. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:»: