Հոդված 9. Անցումային դրույթներ
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:
2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:
Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:
3. 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև`
1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին.
3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը:
2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, որոնք դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում (հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնում) նշանակվել են մինչև 2017 թվականի հունիսի 1-ը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելուց հետո:
Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի (ներառյալ՝ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:
Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը:
Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողին (հատուկ քննչական ծառայության ծառայողին) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, կամ դատախազի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով:
Սույն մասով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնում կամ ինքնավար պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում:
6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:
Սույն մասով նախատեսված անձանց` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:
Եթե սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։
Սույն մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
7. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին 2014 թվականի հուլիսի 1-ից հետո սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նշանակելու օրվանից՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
8. Եթե Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է վճարովի աշխատանք կատարելու հիմքով (բացառությամբ այն դեպքերի, երբ անձն զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն), ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն։ Եթե սույն մասում նշված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը 30-ը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) 2018 թվականի մարտի 1-ից։
9. Մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Կառավարության որոշմամբ տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան երաշխիքները:
10. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով և 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները կիրառվում են նաև մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը պաշտոնաթող Վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ:
11. Հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված` սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է՝
1) 2019 թվականի հունիսի 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը.
2) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:
(9-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-29-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-198-Ն, փոփ. 04.03.15 ՀՕ-14-Ն, փոփ., լրաց. 31.05.17 ՀՕ-91-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.06.18 ՀՕ-341-Ն, 01.07.19 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-68-Ն)
(21.01.20 ՀՕ-68-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ նույն հոդվածի 1-ին ենթակետով 2-րդ կետում նշված բառերն արդեն իսկ փոխարինվել են:)
(9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը, 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը` «մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները, 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը, ինչպես նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ դատավորներին վերաբերող մասով ճանաչվել են Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող 18.06.19 ՍԴՈ-1463 որոշմամբ: 18.06.19 ՍԴՈ-1463 որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. փետրվարի 13
Երևան
ՀՕ-1-Ն
Հավելված 1
«Պաշտոնատար անձանց գործունեության
ապահովման, սպասարկման և սոցիալական
երաշխիքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ցանկ
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված պաշտոնների
1. Պետական քաղաքական պաշտոններ՝
1) Հանրապետության նախագահի պաշտոն
2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն
3) վարչապետի պաշտոն
4) փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն
5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն
6) նախարարի պաշտոն
7) նախարարի տեղակալի պաշտոն
2. Անկախ պետական մարմինների անդամների պաշտոններ՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն
3) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն
4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն
3. Պետական վարչական պաշտոններ՝
1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
4) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
9) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
10) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
14) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
16) ոստիկանության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
18) Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն
19) վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն
20) մարզպետի և նրա տեղակալի պաշտոն
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն
22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն
23) գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոն
24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն
25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն
26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն
27) Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն
28) Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոն
29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն
30) Միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոն
31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն
32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն
33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն
34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն
35) զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն
36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն
37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն
38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն
39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն
40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն
4. Ինքնավար պաշտոններ՝
1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն
2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն
3) ինքնավար մարմնի անդամի պաշտոն
4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն
5) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն
6) գլխավոր դատախազի և նրա տեղակալի պաշտոն
7) Երևան քաղաքի դատախազի պաշտոն
8) մարզի դատախազի պաշտոն
9) կայազորի զինվորական դատախազի պաշտոն
10) Հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն
11) Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոն
12) Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոն
13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն
5. Հայեցողական պաշտոններ՝
1) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն
2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ
3) վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ
4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ
(հավելվածը լրաց. 21.06.18 ՀՕ-341-Ն)
(հավելվածը 24.03.21 ՀՕ-155-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)