«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1351-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 12.01.06 N 126-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ (ծրագրային նյութի կատարումն ապահովող քարտեզներ, ատլասներ, էլեկտրոնային նյութեր, պլակատներ) ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 12.01.06 N 126-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1351-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 12.01.06 N 126-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու գործընթացը:
2. Դասագրքերի հրատարակման պատվերը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում` հիմք ընդունելով հանրապետության մարզերից (Երևան քաղաքից) ստացված համալրման ցուցանիշները:
3. Տարրական դասարանների պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների անվճար հատկացվող դասագրքերի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
4. Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետությունը պետական միջոցների հաշվին անվճար ապահովում է պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների դասագրքերով` բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` նաև պետական պարտադիր ծրագրերով նախատեսված բոլոր առարկաների դասագրքերով:
5. Տարրական դասարանների դասագրքերը հրատարակվում են 3 տարին մեկ անգամ և տրվում են դպրոցներին որպես գրադարանային ֆոնդ: Դպրոցից այդ դասագրքերը հատկացվում են աշակերտներին օգտագործման` մեկ ուսումնական տարի ժամկետով:
6. Այբբենարանը և մաթեմատիկայի «Մաթեմատիկա-1» (1-ին մաս) դասագիրքն առաջին դասարանցիներին հատկացվում են անվերադարձ օգտագործման սկզբունքով:
7. Տարրական դասարանների պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների դասագրքերը և ուսումնական գրականությունը հաշվառվում են դպրոցներում:
(7-րդ կետը լրաց.12.01.06 N 126-Ն)
7.1. Տարրական դասարանների ուսուցիչներին դասագրքերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, անվճար:
(7.1 կետը լրաց.12.01.06 N 126-Ն)
7.2. Միջնակարգ դպրոցներն անվճար ապահովվում են պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումն ապահովող ուսումնական գրականությամբ:
(7.2 կետը լրաց.12.01.06 N 126-Ն)
7.3. Ուսումնական գրականությունը դպրոցներին տրվում է որպես գրադարանային ֆոնդ, և սովորողներն այդ ուսումնական գրականությունից օգտվում են անվճար:
(7.3 կետը լրաց.12.01.06 N 126-Ն)
(հավելվածը լրաց. 12.01.06 N 126-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան