ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 1994 թ. N 555
Քաղ. Երևան
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԽՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության առաջարկությունը և 1995 թվականի հունվարի 14-ից մինչև ապրիլի 17-ը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Բոխում քաղաքում կազմակերպել ու անցկացնել «Հայաստան» ժամանակավոր ցուցահանդես (ցուցանմուշների ցանկը կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտին` «Մատենադարանին». պատգամավորների Երևանի, Էջմիածնի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացնել իրենց ենթակայության տակ գտնվող ցուցանմուշները` «Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսում ցուցադրելու համար:
3. Խնդրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր Գերագույն խորհրդին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցու թանգարանից և գանձարանից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը սահմանված կարգով տրամադրել ցուցանմուշներ` «Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսում ցուցադրելու համար:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` «Հայաստան» ցուցահանդեսի ցուցանմուշների մաքսային ստուգումները առաքման և հետբերման ժամանակ կատարել թանգարաններում, ըստ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հայտերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`
ա) ապահովել «Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Բոնն-Քյոլն օդանավակայան փոխադրումը, ինչպես նաև ցուցանմուշների առաքման և հետբերման համար այդ օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի և կայանելու թույլտվության ձեռքբերումը.
բ) ապահովել Արարատի շրջանի Հավուց թառ եկեղեցու կողքից 13-րդ դարի խաչքարի տեղափոխումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) «Հայաստան» ցուցահանդեսի ցուցանմուշների ներքին փոխադրումների և տրանսպորտային ծախսերի ծածկման համար, ըստ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացրած նախահաշվի, հատկացնել նրան 1 մլն 200 հազար դրամ, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) լուծել Բոնն-Քյոլն օդանավակայան ցուցանմուշների տեղափոխման և հետբերման համար հատկացված «Իլ-76» ինքնաթիռի վարձակալման ծախսերի ծածկման հարցը:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` «Հայաստան» ցուցահանդեսի ցուցանմուշները հավաքման կետերից մինչև «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխումն ու հետբերումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հայտերով հատկացնել ավտոտրանսպորտ և տեխնիկա:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հայտերի համաձայն, ապահովել «Հայաստան» ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ տեղափոխումը «Զվարթնոց» օդանավակայան և հետ` սահմանելով ուժեղացված հսկողություն թանգարանային համալիրի բակում ու «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի կայանման ողջ ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ